Կենսագրություն
Վլադիմիր Մինասյան

Կենսագրությունը

Վլադիմիր Դավթի Մինասյանը ծնվել է 1922 թվականին Երևանում: 1938 թվականին ընդունվել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Ուսումն ընդհատվել է 1942 թվականի հունվարին՝ Երկրորդ համաշխարային պատերազմ մեկնելու պատճառով: Լեգենդար 89-րդ Թամանյան դիվիզիայի կազմում մասնակցել է Կովկասի, Ստալինգրադի, Կերչի, Վարշավայի, Պրահայի և Բեռլինի ազատագրման ճակարամարտերին և պարգևատրվել բազմաթիվ մարտական շքանշաններով և մեդալներով: Պատերազմի ավարտից հետո՝ 1946 թվականին, վերադարձել է Հայաստան և շարունակել ընդհատված ուսումը: 1947-ին ավարտել է ուսումնարանը և նույն թվականին ընդունվել է Երևանի Պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ, որն ավարտել է 1953 թվականին: 1956-1985 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գծանկարչության և գունանկարչության ամբիոնում:

Ստեղծագործական գործունեությունը

Ստեղծագործական ճանապարհի սկզբնական ժամանակաշրջանում խորհրդային գեղարվեստի հետպատերազմյան տարիների զարգացման գրեթե բոլոր միտումներն արտացոլված են նկարչի այդ տարիների աշխատանքների մեջ:


Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակած երկրում արագ զարգանում էր տնտեսությունը, իսկ արվեստի բնագավառում իշխում էր սոցիալիստական ռեալիզմի ռոմանտիկ ոգին: Նկարչի «Զբոսանքից առաջ» գործի ընտրությունը 1953 թվականի դիպլոմային աշխատանքների Համամիութենական ցուցահանդեսի համար և ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի կողմից աշխատանքին տրված բարձր գնահատականը մեծ եռանդ և ուղղվածություն հաղորդեցին հետագա տարիների գործունեությանը:


Նկարչի այդ տարիների աշխատանքների գերիշխող թեմաներն են դառնում պատերազմում հաղթանակը, հասարակության դաստիրակությունը (նրա աշխատանքներում առանձնապես երեխաների) և խաղաղ աշխատանքով զբաղված երջանիկ խորհրդային աշխատավորի կյանքի արտահայտումը: Այնուամենայնիվ, քաղաքականությունից լիովին զատ հիասքանչ բնապատկերները միշտ եղել են նկարչի հոգու մշտական ուղեկիցը ստեղծագործական ուղու ամբողջ ընթացքում:


50-ականների վերջերին սոցիալիստական ռեալիզմը հետզետե անցնում է իր «խիստ ոճին», ինչն առաջին քայլերն էին հասարակության և արվեստի որոշակի ժողովրդավարացման ճանապարհին: Գեղարվեստում այս փուլի արտահայտման հիմնական ժանրն է դառնում դիմանկարը: Խորհրդային աշխատավորների իրական, ֆիզիկական աշխատանքից հոգնած կերպարների արտահայտումը դառնում է այդ տարիների նկարչի ստեղծագործությունների կարևոր մասը: Այս ժամանակաշրջանին են նաև պատկանում Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի հիասքանչ արդյունաբերական բնանկարները և բանվորների կերպարները:


Արդեն 1964-1965 թվականներից քաղաքականությունը լիովին անհետանում է նկարչի գործերից: Դասավանդելուն զուգահեռ, նա շարունակում է աշխատել գեղանկարչության գրեթե բոլոր ժանրերում՝ փնտրելով ինքնաարտահայտման նոր ձևեր: Ստեղծագործական ուշ տարիների աշխատանքներին ավելի բնորոշ է մաստիխինով, մաքուր և վառ գույներով կատարված գործերը:


Խորհրդային տարիներին Վլադիմիր Մինասյանը մասնակցել է բազմաթիվ հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների: Նկարչի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է արդեն նրա մահից հետո՝ 1995-ին թվականին, Երևանում:


1954 թվականից հանդիսացել է ՀԽՍՀ Նկարիչների միության անդամ, իսկ 1956 թվականից ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ: